ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ԽՄԲԵՐԸ` ՀԱՅՏՆԻ

ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԱՐՏՎԱԾ Է, ԽՄԲԵՐԸ` ՀԱՅՏՆԻ
06.12.2011 | 00:00

Դեկտեմբերի 2-ին ՈՒկրաինայի մայրաքաղաք Կիևում ավարտվեց ֆուտբոլային «Եվրո- 2012»-ի վիճակահանությունը: Եզրափակիչ դուրս եկած թիմերը, որ բաժանվել են չորս խմբի, ՈՒկրաինայի ու Լեհաստանի ութ քաղաքներում հունիս ամսին կվիճարկեն աշխարհամասի չեմպիոնի տիտղոսը:
Վիճակահանությունը չափազանց բարեհաջող էր Ռուսաստանի ընտրանու համար, որն A խմբում առաջին երկու տեղերի համար պայքարելու է Լեհաստանի, Հունաստանի, Չեխիայի հավաքականների հետ: Խմբի վերաբերյալ իրենց կարծիքներում գրեթե նույնական են թե՛ Դիկ Ադվոկատը, թե՛ Ֆրանցիշեկ Սմուդան` Ռուսաստանի ու Լեհաստանի ընտրանիների ավագ մարզիչները: Ըստ նրանց` այստեղ հավասարազոր թիմեր են` առանց ակնհայտ ֆավորիտության: Ի դեպ, բավականին հետաքրքրական է հնչում Դիկ Ադվոկատի` «գլխավոր հաջողությունը, ըստ իս, այն է, որ մենք խաղում ենք Եվրոյում» միտքը: Սա համեստությա՞ն արտահայտություն է, թե՞ սեփական թիմի կարողության գնահատում, ցույց կտա ժամանակը:
Բացառիկ ուժեղ կազմ է հավաքվել B և C խմբերում:
Առաջինում աշխարհի վերջին առաջնության արծաթե և բրոնզե մեդալակիրներ Հոլանդիայի ու Գերմանիայի հավաքականների մրցակիցներն են Պորտուգալիայի ու Դանիայի ընտրանիները, որոնց, որքան էլ ցանկանաս, ոչ մի կերպ նվեր չես համարի: Այս առումով ավելի քան խոսուն է Բերտ վան Մարվեյկի (Հոլանդիա) ասածը. «Մեր խումբն ամենաբարդն է: Սա ուժեղագույն խումբն է»:
Նույնանման կարծիքի է նաև Յոախիմ Լյովը (Գերմանիա). «Իմ կարծիքով` մեր խումբն ամենաբարդն է: Պորտուգալիայի և Հոլանդիայի հավաքականներում աշխարհահռչակ բարձրակարգ ֆուտբոլիստներ են խաղում: Այստեղ չկան ցանկալի և անցանկալի մրցակիցներ: Եվրոպայի առաջնությունում կհաղթի այն թիմը, որն ավելի լավ մարզավիճակում կլինի մրցաշարի ժամանակ»:
Հետաքրքրական է, որ, մնալով կոռեկտության սահմաններում, Գերմանիայի հավաքականի գլխավոր մարզիչը նշել է նաև չեմպիոնի կոչման ամենահավանական հավակնորդների անունները. «Հարկավոր է ամռանը լավագույն մարզավիճակ ձեռք բերել: Այդ պարագայում մենք լավ հնարավորություն կունենանք: Դա վերաբերում է նաև Իսպանիայի, Հոլանդիայի, Պորտուգալիայի, Ֆրանսիայի և Անգլիայի հավաքականներին»:
Ապագա առաջնության հավանական հաղթողի մասին բավականին կոնկրետ է արտահայտվել Իսպանիայի ընտրանու գլխավոր մարզիչ Վիսենտե դել Բոսկեն` ասելով. «Ինչո՞ւ եզրափակիչում կրկին չխաղանք գերմանացիների հետ. փառահեղ հանդիպում կստացվի»:
Ի դեպ, C խմբում Իսպանիայի հավաքականի հետ մեկտեղ ընդգրկված են Իտալիայի, Իռլանդիայի, Հորվաթիայի ընտրանիները: Հետաքրքրական է, որ եթե Իռլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ջովանի Տրապատոնին խմբից առանձնացրել է Իսպանիայի ընտրանին` որպես «անհավանական ուժեղ մրցակցի», իսկ Չեզարե Պրանդելին (Իտալիա)` Իսպանիայի ու Իռլանդիայի հավաքականները, ապա Հորվաթիայի ընտրանու գլխավոր մարզիչը, իրեն հստակ հաշիվ տալով, որ թեև ընկել է «գեներալների կամպանիա, ինչը իրեն միայն պատիվ է բերում», այդուհանդերձ, չի վախենում, քանի որ հավատում է իր տղաներին:
D խմբում են ՈՒկրաինայի, Շվեդիայի, Անգլիայի, Ֆրանսիայի ընտրանիները: Լորան Բլանի (Ֆրանսիա) գնահատմամբ` իրենց խումբն իրականում շատ ավելի բարդ է, քան կարող է թվալ առաջին հայացքից: Նրան համակարծիք է նաև Անգլիայի ընտրանու գլխավոր մարզիչը, ով խմբից դուրս գալու ամենահավանական թեկնածու է դիտում Ֆրանսիայի հավաքականը:
Կարծիքները` կարծիքներ, որոնցից չեն խուսափում թե՛ մարզիչները, թե՛ մասնագետները, թե՛ շարքային ֆուտբոլասերները, սակայն փաստն այն է, որ ուժերի իրական ցուցիչը լինելու է եզրափակիչ աղյուսակը, երբ ավարտված կլինի առաջնությունը: Այնուամենայնիվ, ակնհայտ է` բոլորիս սպասում է բացառիկ մեծ տոն, և խոշոր բարեբախտություն է, որ դրան սպասելու այնքան էլ շատ ժամանակ չի մնացել:
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1719

Մեկնաբանություններ